Թուրք-գերմանական լարվածության ֆոնին Թուրքիան և Եվրամիությունը հայտարարում են, որ հուլիսի 1-ին հայտարարված վերջնաժամկետը թուրք քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի վերացման համար գրեթե անհնար է պահպանել: Թուրքիայի ԵՄ նախարարն ընդունել է, որ մինչև հուլիսի 1-ը որևէ հնարավորություն չկա ավարտին հասցնել մուտքի արտոնագրի չեղարկման շուրջ համաձայնագիրն այն ժամանակ, երբ ԵՄ ներքին գործերի նախարարները հունիս 10-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ հերթական անգամ Անկարայից պահանջել են վերանայել երկրի հակահաբեկչական օրենքը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ եթե ամենաուշը մինչև հոկտեմբեր մուտքի արտոնագրի վերացման շուրջ համաձայնագիրը չկնքվի, ապա Անկարան կկասեցնի ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիր փախստականների խնդրի շուրջ: Թուրք պաշտոնյաները կարծում են, որ Թուրքիան արդեն բավարարել է բոլոր անհրաժեշտ պայմանները և մտադիր չէ փոխել հակաահաբեկչական օրենքը, որը նրանց հնարավորություն է տալիս ահաբեկչության դեմ պայքարի ներքո ոչնչացնել քրդերին, հետապնդել լրագրողներին և այլն:
Deutsche Well-ն, հղում անելով եվրոպացի անանուն դիվանագետին, գրում է, որ Թուրքիայի ներքին զարգացումները լուրջ խոչընդոտ են հանդիսանում մուտքի արտոնագրի վերացման համար: Մասնավորապես, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը և Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո գերմանացի պատգամավորների հասցեին Անկարայի հնչեցրած մեղադրանքները ցույց են տալիս, որ «մուտքի արտոնագրի վերացման համար ճիշտ ժամանակը չէ»: Եվրոպական հանձնաժողովի նոր զեկույցը Թուրքիայի հակահաբեկչական օրենքի մասին կներկայացվի հունիսի 14-ին:
Միաժամանակ Telegraph-ը, հղում կատարելով բրիտանացի դիվանագետին, հայտնում է, որ Գերմանիայի իշխանությունները փախստականների խնդիրը լուծելու համար պատրաստ են զգալի փոխզիջումներ անել Թուրքիային, այդ թվում՝ հակաահաբեկչական օրենքի հարցում: Բրիտանացի դիվանագետի կարծիքով այն, որ Թուրքիան պատրաստ է սպասել մինչև հոկտեմբեր ցույց է տալիս, որ կողմերը չեն ցանկանում սրել իրավիճակը Մեծ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեից (ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ) առաջ:
Ինչպես և ակնկալվում էր, Թուրքիան խուսափում է Գերմանիայի և ԵՄ-ի դեմ պրակտիկ գործողություններից՝ բավարարվելով զուտ հայտարարություններով: Երկու կողմերն էլ այս պահին միմյանց հետ համագործակցելու խնդիր ունեն, և նրանց հետագա հարաբերությունները պայմանավորված են լինելու հենց այս անհրաժեշտությամբ: