ՆԱՏՕ-ն կարող է ապագայում մասնակցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական կոալիցիայի կազմում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, փոխանցում է РИА Новости-ն։
«ՆԱՏՕ-ն կարող է ապագայում ուղղակիորեն մասնակցություն ունենալ կոալիցիայում։ Հնարավոր է՝ հետախուզական տվյալներ տրամադրելով, հնարավոր է՝ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների օգնությամբ, որոնք հագեցած են ռաիոհայտնաբերման և առաջնորդման ավիացիոն համալիրով՝ կոալիցիայի կողմից անցկացվող ավիագործողություններին աջակցելու համար»,- ասել է նա։
Վերշբոուն հավելել է, որ դաշինքն Իրաքի վարչապետի խնդրանքով Բաղդադ է ուղարկել մասնագետների՝ երկրի տարածքում իրաքցի զինվորականների մարզման և ուսուցման ՆԱՏՕ-ի առաքելության հնարավոր ընդլայնումը գնահատելու համար։