Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի շնորհավորական նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կապված Ռուսաստանի օրվա հետ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ գործընթացի մեկնարկի վերաբերյալ խոսակցությունների առիթ դարձավ: Նշենք, որ Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ուղղաթիռի կործանումից հետո սա Էրդողանի առաջին ուղերձն է ուղղված Ռուսաստանի նախագահին. մինչ այդ Էրդողանը դիմում էր բացառապես ռուս ժողովրդին:
«Էրդողանի նամակը Պուտինին ցույց է տալիս, որ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացել և վերադառնալ նորմալ աշխատանքային կապերի», - կարծում է արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության ղեկավար Ֆյոդր Լուկյանովը: Այս կապակցությամբ թուրքական Anadolu լրատվական գործակալության ղեկավար Հուսեյն Ալտըինալանը նշում է, որ շնորհավորական նամակը պատահական չէր. Ռուսաստանը և Թուրքիան մտադիր են բարելավելու հարաբերությունները: Ալտըինալանը միևնույն ժամանակ չի բացառում, որ հարաբերությունների կարգավորման համար Անկարան և Մոսկվան երկար ժամանակ գաղտնի բանակցություններ են վարել:
Նշենք, որ որպես Անկարայի հետ հարաբերությունները վերականգնելու նախապայման Մոսկվան պահանջում է, որ վերջինս ներողություն խնդրի կործանած ուղղաթիռի համար և փոխհատուցում վճարի զոհերի հարազատներին: Այս մասին էրդողանի նամակի կապակցությամբ հերթական անգամ հայտարարել է նաև Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Ակնհայտորեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար միայն մեկ նամակը բավարար չէ, և առանց ներողություն խնդրելու հարցը դժվար թե լուծվի, սակայն ռուս-թուրքական հարաբերություններում սրացման սկզբնական շրջանի համեմատ երկու երկրների միջև լարվածությունը ակնհայտորեն մեղմվել է: Այդ մասին է վկայում ոչ միայն Էրդողանի շնորհավորական նամակը: Այսպես, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը համաձայնել է, որ թուրք օդաչուները դիտորդական թռիչքներ իրականացնեն Ռուսաստանի տարածքում՝ համաձայն բաց երկնքի մասին համաձայնագրի: Ռուսական կողմի այս որոշումը բազմաթիվ փորձագետներ գնահատում են որպես Մոսկվայի կողմից բարի կամքի դրսևորում, քանի որ ավելի վաղ թուրքական կողմը բազմիցս մերժել է նույն իրավապայմանագրային հիմքով ռուս օդաչուների դիտորդական թռիչքները Թուրքիայի տարածքում: Որպես հարաբերություններում դրական առաջընթացի նշան դիտարկվում է նաև հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա կապակցությամբ Անկարայում ռուսական դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյանների, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների ներկայությունը: Այսպիսով, կարելի է ասել, որ երկու երկրների միջև հարաբերություններում սառույցը սկսել է հալվել: