Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորությունը համադրելի է Ստամբուլը Կոստանդնուպոլսի վերանվանվելու հավանականության հետ: Իր խմբագրական հոդվածում նման կարծիք է հայտնել The Financial Times թերթը: «Թուրքիան այնքան շանսեր ունի ԵՄ մտնելու մինչև 2020 թվականը, ինչքան եթե Ստամբուլը վերանվանվի Կոստանդնուպոլսի», -գրում է բրիտանական թերթը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կեմերոնն ավելի վաղ հայտարարել էր, որ 28 երկրների հանրակցությանը միանալու մասին բանակցությունների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա մինչև 3000 թվականը: Նա նաև հոռետեսորեն է արտահայտվել ԵՄ տարածք Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի մուտքի առնչությամբ: