Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները կերկարաձգվեն ևս կես տարով: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ այդ մասին որոշումը կարող է ընդունվել անգամ մինչև Եվրախորհրդի նիստը։
«Կարծում եմ, որ իրավիճակը հիմա պարզ է, և ԵՄ դիրքորոշումն այնպիսին է, որ մենք պետք է կապենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Մինսկի պայմանավորվածությունների իրագործման հետ։ Մենք կերկարաձգենք պատժամիջոցները։ Կարծում եմ, որ երկարաձգման մասին որոշումը կարող է ընդունվել դեռևս մինչև Եվրախորհրդի նիստը։ Այսինքն՝ ավելի նեղ շրջանակում»,- հայտարարել է Տուսկը։ ԵՄ դիվանագիտական աղբյուրների համաձայն` Բրյուսելը կարող է արդեն մինչև հունիսի 21-ը որոշում ընդունել Մոսկվայի դեմ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ:
Սակայն հարկ է նշել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում այժմ ԵՄ ներսում տարաձայնություններն առավել քան խորացել են, բազմաթիվ քաղաքական գործիչներ և տնտեսագետներ հանդես են գալիս հակառուսական պատժամիջոցների թուլացման աջակցությամբ: Վերլուծաբանների կարծիքով` Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին եվրոպացի պատվիրակների մասնակցությունն այս առումով կարևոր ազդանշան է:
Հունիսի 8-ին Ֆրանսիայի սենատը հռչակագիր ընդունեց Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների «աստիճանական թուլացման» վերաբերյալ: Նման կոչեր արդեն բավականին երկար ժամանակ հնչեցնում են նաև Իստալիան և Հունաստանը: Հակառուսական պատժամիջոցների դեմ են հանդես գալիս նաև շարքային եվրոպացիները: Այսպես, այս շաբաթ հրապարակված Վաշինգտոնի Պյուի անվան սոցիոլոգիական կենտրոնի հետազոտության արդյունքների համաձայն ԵՄ քաղաքացիների մեծ մասը չի աջակցում Ռուսաստանի նկատմամբ Բրյուսելի քաղաքականությանը և հանդես է գալիս Մոսկվայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու աջակցությամբ:
Չնայած սրան՝ պաշտոնական Բրյուսելը շարունակում է Մինսկի համաձայնագրերի ամբողջական իրագործումը դիտարկել որպես Մոսկվայի դեմ պատժամիջոցային քաղաքականության չեղարկման նախապայման:
Նշենք, որ 2014 թվականի մարտին Ռուսաստանին Ղրիմի միացման հետ կապված ԵՄ սահմանված հակառուսական պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի տնտեսությունն արդեն մոտ 200 մլրդ դոլարի վնաս է կրել: Հակառուսական պատժամիջոցները բաղկացած են երեք փաթեթից: Առաջինը վերաբերում է Ռուսաստանի և ԵՄ միջև համագործակցության իրավապայմանագրային բազայի և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների կասեցմանը: Երկրորդ փաթեթը սահմանում է հասցեական միջոցներ ֆիզիկական և իրավաբանական այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատվություն են կրում Ղրիմի միացման համար: Պատժամիջոցների երրորդ՝ ոլորտային փաթեթը ներառում է Ռուսաստանի հետ զենքի առքուվաճառքի էմբարգո, Ռուսաստան երկակի նշանակության ապրանքների ներկրման արգելք, ինչպես նաև նավթարդյունահանության համար նորարարական տեխնոլոգիաների մատակարարման արգելք: