ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հունիսի 20-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանում բարձրացրել է Ադրբեջանի` կառույցին անդամակցության դադարեցման հարցը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմին:
«Ալիևյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակը, ավելին` այն դեգրադացիա է ապրում: Բոլոր հայտարարություններն Ադրբեջանում ժողովրդավարության առաջխաղացման մասին՝ խաբեություն են: Բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի »,- հայտարարել է ԱԺ փոխնախագահը` Վեհաժողովին կոչ անելով զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ անդամակցությունից:
«ԵԽԽՎ-ն պետք է հաստատակամ լինի արմատախիլ անելու այս ժանտախտը, կանգնեցնելու Ալիևյան ռեժիմը: Առաջարկում եմ կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին»,- իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը` վեհաժողովականների ուշադրությունը հրավիրելով հարևան երկրում վարվող այլատյացության, քաղաքացիական հասարակության հետապնդման, ազգային փոքրամասնությունների բռնաճնշման, խոսքի իրավունքի զանգվածային ոտնահարման քաղաքականության և օրեցօր ահագնացող այլ ախտերի վրա:
Այս համատեքստում Հերմինե Նաղդալյանը Եվրոպացի գործընկերներին մասնավորապես հիշեցրել է Հունիսի 7-ին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) կողմից հրապարակված` Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ, ի թիվս երկրում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների, Հանձնաժողովը առանձնահատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների կողմից կիրառվող ատելության հրահրման քաղաքականությանը հայերի դեմ: