«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Մեծ Բրիտանիայի Նոթինգեմ համալսարանի իրավագիտության բաժնի եվրոպական և հանրային իրավունքի դասախոս, դոկտոր Արիս Գեորգոպոլոսի հետ:
- Պարո´ն Գեորգոպոլոս, ո՞րն է Ձեր դիրքորոշումը գալիք հանրաքվեի վերաբերյալ: Արդյո՞ք Մեծ Բրիտանիան պետք է մնա ԵՄ կազմում, թե՞ ոչ, և ինչո՞ւ:
- Կարծում եմ` Մեծ Բրիտանիան պետք է մնա ԵՄ կազմում, քանի որ այն հստակորեն շահում է ԵՄ անդամակցությունից: Եթե դիտարկենք Բրիտանիայի այժմյան կարգավիճակը, կհասկանանք, որ վերջինս ունի հրաշալի գործարք. այն միասնական շուկայի մաս է, ԵՄ 3 ամենամեծ երկրներից է, որն ազդեցություն ունի որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև միասնական շուկայի կանոնների ձևավորման վրա: Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիան եվրագոտու մաս չէ և ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելու սուվերենություն ունի: Դա Բրիտանիային հնարավորություն է տալիս տնտեսական ճգնաժամի ժամանակ համապատասխան կարգավորումներ անելու՝ օգտագործելով որոշակի գործիքներ, մի բան, որը ԵՄ շատ երկրներ չունեն: Ի հավելումն` Մեծ Բրիտանիան որևէ պարտավորություն չունի Շենգեն գոտում: Այսպիսով` կարծում եմ, որ ափսոս է կորցնել այս կարգավիճակը:
- Հաշվի առնելով Բրիտանիայի հասարակության շրջանում իրականացված հարցումները՝ Brexit-ի կողմնակիցների և դեմ արտահայտվողների թիվը գրեթե հավասար է, ինչը ենթադրում է, որ Brexit-ի տարբերակը պետք չէ բացառել: Նման պարագայում ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան:
- Այո´, հարցումները ցույց են տալիս, որ քվեարկության արդյունքները շատ մոտ են լինելու միմյանց: Եկե´ք պատկերացնենք, որ մեծամասնությունը քվեարկում է Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու օգտին: Պետք չէ տնտեսագետ լինել, որպեսզի հասկանաս, որ սա իր հերթին շուկայում մեծ անորոշություններ կառաջացնի, կլինեն անմիջական հետևանքներ: ԵՄ-ի կազմից դուրս գալու որոշումից հետո կսկսվի «ամուսնալուծության» փուլ, բանակցությունների նոր գործընթաց` նոր հարաբերություններ հաստատելու համար, իսկ թե ինչպիսին կլինեն այդ հարաբերությունները, ոչ ոք չգիտի:
Լավագույն սցենարը՝ առավելագույնը, որ Մեծ Բրիտանիան կարող է ակնկալել, Նորվեգիայի մոդելն է: Նորվեգիան ԵՄ անդամ երկիր չէ, սակայն մուտք ունի ԵՄ միասնական շուկա, ինչը նշանակում է, որ այն իր ներդրումն ունի ընդհանուր բյուջեի մեջ և պետք է ընդունի բոլոր «չորս ազատությունները»: Ինչևէ, գլխավոր խնդիրն այն է, որ Նորվեգիան հարաբերվում է ԵՄ հետ, սակայն «լուռ» է և ոչինչ չի կարող անել: Ահա այս կարգավիճակն է, որ պետք է համեմատել նրա հետ, ինչն այսօր Մեծ Բրիտանիան ունի: Ես բերեցի Brexit-ի պարագայում լավագույն տարբերակի օրինակը:
- Արդյո՞ք հանրաքվեի ցանկացած արդյունքի պարագայում էլ պետք է սպասել ներքին ցնցումների:
- Վերջին մի քանի շաբաթների ընթացքում քարոզարշավը բավականին «տգեղ» ձևով ընթացավ: Ինչևէ, Մեծ Բրիտանիան ունի հասուն ժողովրդավարություն, այն ունի ինստիտուցիոնալ հիշողություն, և ինչպիսին էլ լինեն արդյունքները, դրանք լինելու են Սահմանադրությամբ ընդունելի սահմաններում (ես հավատում եմ սրան ու մեծ հույսեր ունեմ): Բրիտանիայի հասարակությունը բավականին հասուն է, որպեսզի ընդունի ժողովրդավար ընտրությունը: