ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի մարդու իրավունքներին վերաբերող հարցերին և այս հարցերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լոռու մարզ կատարած իր այցի շրջանակում, հանդիպումներ ունեցավ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կառույցների հետ, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Facebook-յան էջը:
Այցի շրջանակներում դեսպանն երեկ եղավ նաև Վանաձորի մանկատանը, զրուցեց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ:
Նա նաև զրուցեց մանկատան անձնակազմի ու սաների հետ՝ երեխաների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ նրանց մոտեցումներին ծանոթանալու նպատակով: Քննության առնվեցին մանկատների բեռնաթափման և երեխաներին ընտանիք վերադարձնելու հեռանկարները:
«Երեխաները պատշաճ խնամքի, հոգածության, սիրո ու աջակցության իրավունք ունեն: Նման խնամք ու հոգածություն ապահովելու համար խնամատար հաստատությունները, թերևս, լավագույն վայրը չեն: Բացի այդ, դա թանկ տարբերակ է պետության համար և նաև կոռուպցիոն դրսևորումների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսավորումը հատկացվում է հաստատության սաների թվի հիման վրա և ոչ խնամքի որակի հիման վրա» ,- ասաց դեսպան Միլսը: