Բրիտանիայի համար անկասկած ավելի լավ է քվեարկությամբ ԵՄ կազմում մնալը: Չնայած կա ԵՄ-ից հաշվելի օգուտ, սակայն հիմնական առավելությունն ավելի քիչ շոշափելի է, քանի որ դրանք առաջանում են համագործակցությունից: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և տնտեսական զարգացման հետազոտական կենտրոնի տնօրեն Օլիվեր Մորիսեյը:
Նրա խոսքերով՝ ԵՄ երկրները տնտեսապես ավելի ուժեղ են միասին, քան յուրաքանչյուրն առանձին՝ հատկապես մնացած աշխարհի հետ առևտրի առումով: Համալսարանների միջև համագործակցությունը և հետազոտողների մոբիլությունը Եվրոպայում ուժեղացվում է, այն աջակցություն է ստանում ԵՄ կողմից, ինչը նպաստում է տեխնիկական նորարարություններին:
«Կան նաև սոցիալական և քաղաքական առավելություններ, քանի որ հնարավորություն կա օգուտ քաղել հեռանկարների և փորձի բազմազանությունից: Օրինակ՝ Միացյալ Թագավորության կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում ԵՄ ընդհանուր քաղաքականությունից էապես շահել է. աշխատողների համար կան համապատասխան կարգավորումներ, նրանք սոցիալական ավելի տեղյակ են: Ուժեղ երկրների խմբում լինելուց կան նաև քաղաքական առավելություններ: ԵՄ-ից դուրս Բրիտանիան կլինի ավելի աղքատ, քան այսօր է», - նշել է Մորիսեյը:
Խոսելով Brexit-ի հնարավորության և դրա հետևանքների մասին՝ նա նշել է, որ դա կառաջացնի անորոշության տարիներ, տնտեսական վառ արտահայտված վատ ցուցանիշներ այն դեպքում, երբ ԵՄ-ից դուրս գալու պայմաններն արդեն բանակցված էին:
Ըստ Մորիսեյի՝ Brexit-ի կողմնակիցները համոզիչ փաստարկներ չեն ներակայացնում, նրանք ավելի շատ հենվում են էմոցիաների վրա, քան՝ փաստերի. «Օրինակ՝ տնտեսական խնդիրների (աշխատանքային վատ պայմաններ, բնակարանների բարձր գներ, դպրոցների և հիվանդանոցների վրա ճնշում) հետ կապված հասարակությունն ավելի շատ մտահոգված է միգրացիայով (ևս մեկ մտահոգիչ թեմա, սակայն դա այս խնդիրների պատճառը չէ), և սրանում ԵՄ-ին մեղադրելն ապակողմնորոշիչ է: Այս տնտեսական խնդիրները տնտեսական ճգնաժամի հետևանք են, այլ ոչ թե ԵՄ-ի պատճառով են»:
Մորիսեյը կարծում է, որ անտեսելով բրիտանացիներին անհանգստացնող խնդիրների իրական պատճառները և մարդկանց ստիպելով, որ հավատան, թե ԵՄ-ն է մեղավոր՝ Brexit-ի կողմնակիցները մոլորենցում են հասարակությանը:
«Եթե քվերակեն ԵՄ-ից դուրս գալու օգտին, շատ արագ ակնհայտ կդառնա, որ Brexit-ի խոստացած առավելությունները սխալ խոստումներ են և հետագայում դա կնպաստի քաղաքական գործիչների և քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակական վստահության քայքայմանը (Brexit-ի քվեների զգալի մասը կառավարությունից դժգոհ մարդկանցից է և այն քաղաքական գործիչներից, ովքեր արել են դա որպես ԵՄ-ին ընդդիմություն)», -եզրափակել է փորձագետը: