Վատիկանի արխիվներում հայտնաբերված վկայությունները որևէ կասկած չեն թողնում, որ առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերը հայերին ոչ թե վերաբնակեցնելու և պատերազմի վտանգից հեռու պահելու, ինչպես պնդում են Թուրքիայի ներկայիս իշխանությունները, այլ՝ բնաջնջելու նպատակ են հետապնդել:
Armenpress-ի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտում «Վատիկանը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով դասախոսության ընթացքում այս մասին ասել է գերմանացի պատմաբան Միխայել Հեզեմանը՝ ներկայացնելով Հռոմի Սուրբ աթոռի արխիվներում կատարած իր ուսումնասիրության արդյուքները Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ:
Նա մասնավորապես նշել է, որ «այդ ժամանակ Թուրքիայի իշխանությունները ծրագրել են ոչնչացնել քրիստոնյա բնակչությանը»:
Նրա խոսքրով առկա են անհերքելի ապացույցներ առ այն , որ հայկական հարցի ուժով լուծումը ծրագրված էր դեռևս առաջին աշխարհամարտից տարիներ առաջ, և պատերազմն ընդամենը առիթ էր իրենց կողմից երկար սպասված ծրագիրն իրականացնելու համար: Ըստ Հեզեմանի, «երիտթուրքերի նպատակն էր ուժեղացնել թուրք ազգը՝ ստեղծելով ընդհանուր արժեքներ դավանող համասեռ բնակչություն: Նրանք գտնում էին, որ ապագա Թուրքիան պետք է բնակեցված լինի բացառապես թուրքերից, որոնք համախմբված կլինեն մեկ կրոնի՝ սուննի իսլամի շուրջ» :
Նա իր ելույթի ընթացքում մեջբերել է նաև Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից 1915 թվականի հուլիսի 16-ին Վաշինգտոն հեռագրված զեկույցը. «Ըստ ամենայնի, սանձարձակվել է ազգի ոչնչացման մի ամբողջ արշավ, և այն այժմ ընթացքի մեջ է ընդվզման դեմ հակամիջոցներ կիրառելու պատրվակի տակ»: