Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուսական Սու-24 կործանիչի խոցման արդյունքում զոհված ռուս օդաչուի ընտանիքին ցավակցություն է հայտնել, հաստատել է Էրդողանի մամուլի ծառայությունը:
«Ես ևս մեկ անգամ կցանկանայի ասել, որ կիսում եմ ռուս օդաչուի ընտանիքի վիշտը և իմ ցավակցություն եմ հայտնում նրան: Ներեցե՛ք, տեղի ունեցած համար», - Hurriyet-ը մեջբերում է Պուտինին ուղղված Էրդողանի նամակից հատված՝ հղում անելով Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընին:
Հիշեցնենք, որ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել էին 2015 թվականի նոյեմբերի վերջին թուրք-սիրիական սահմանի մոտ թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 կործանիչ խոցման և վերջինիս օդանչուներից մեկի սպանության հետևանքով: Արդյունքում Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք սահմանափակումներ մտցրեց՝ մասնավորապես արգելելով որոշ ապրանքների ներկրումը Թուրքիայից, չեղարկեց չարթերայի փոխադրումները և առանց վիզային համակարգը: Հարաբերությունների կարգավորման համար Մոսկվան պահանջում էր, որ Անկարան ներողություն խնդրի միջադեպի համար և փոխհատուցում վճարի, ինչը թուրքական իշխանությունները և մասնավորապես նախագահ Էրդողանը կտրականապես մերժում էին:
Վերլուծաբանները կարծում են, որ Էրդողանի կողմից միջադեպի համար ի վերջո ներողություն խնդրելը պայմանավորված է երկրի տնտեսական շահերով: Նշենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը բավականին լուրջ հարված էր հասցրել թուրքական տնտեսությանը և հատկապես վերջինիս զբոսաշրջային ոլորտին. թուրքական հանգստավայրերը կարելի է ասել ամայացել են՝ կրելով միլիոնավոր դոլարների վնասներ:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը նպաստել է միջազգային ասպարեզում Թուրքիայի մեկուսացմանը և հետևաբար նրա տարածաշրջանային դերի նվազմանը: «Թուրքիան ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ճգնաժամերի կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարում», - հայտարարել է Էրդողանի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով հարաբերությունները վերականգնելու մասին Պուտինին ուղղված Էրդողանի նամակը: