Էրդողանի կողմից ներողությունը խնդրելը պայմանավորված է Թուրքիայի արտաքին քաղաքական բարդ իրավիճակով, Թուրքիան կորցրել է բոլոր դաշնակիցներին: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն՝ մեկնաբանելով էրդողանի կողմից խոցված ռուսական Սու-24-ի համար ներողություն խնդրելու փաստը:
«Թուրքիան վերջին տարիներին խոր մեկուսացման մեջ է. «իր զրո խնդիր հարևանների հետ» հայեցակարգից հայտնվել է «չկան հարևաններ առանց խնդիրների» իրավիճակում: Սա հանրապետության պատմության ամենամիայնակ պահն է», - Էրդողանի ներողության կապակցությամբ նշել է Եվրոպայի խորհրդի միջազգային հարցերով փորձագետ Ասլի Այթընտասբասը:
Սակայն, հարկ է նշել, որ էրդողանի այդ քայլը ոչ միայն քաղաքական հարցերով է թելադրված, այն կապված է նաև երկրի տնտեսական լուրջ խնդիրների հետ. միայն զբոսաշրջության ոլորտը, որ կազմում է Թուրքիայի ՀՆԱ-ի 11 տոկոսը, միլիոնավոր դոլարների վնասներ է կրում ռուս զբոսաշրջիկիների՝ Թուրքիայում հանգստանալուց հրաժարվելու պատճառով: Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը պակաս վնաս չի հասցրել նաև թուրքական գյուղատնտեսությանը: Էրդողանը հույս ունի շատ արագ վերականգնել Ռուսաստանի հետ շահավետ տնտեսական հարաբերությունները: Սակայն, ինչպես նշել է թուրք քաղաքագետ Թողրուլ Իսմայիլը, երկու երկրների միջև կոնֆլիկտը ներողություն խնդրելով դժվար թե հարթվի: «Դրանք որոշվում են բանակցություններով և պայմանավորվածություններով, ինչը որ վերջին օրերին տեղի ունեցավ Թուրքիայի և Իսրայելի հետ», - նշել է փորձագետը:
Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Անկարայից պահանջում էր ներողություն խնդրել միջադեպի համար, փոխհատուցում վճարել և պատժել մեղավորներին: Կարծես թե ներողություն խնդրելու հետ կապված հարցը լուծված է: Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ հունիսի 29-ին հեռախոսային զրույց կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև վերջին 7 ամսվա ընթացքում առաջին անգամ, ինչը վկայում է, որ Մոսկվան ընդունել է էրդողանի ներողությունը:
Այժմ Անկարան պետք է կատարի Կրեմլի մյուս պահանջները՝ փոխհատուցում վճարի և պատժի մեղավորներին: Վերջինիս կապակցությամբ էրդողանը Պուտինին ուղղված իր «մեղայական» նամակում նշել էր, որ ռուս օդաչուի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հետաքննություն է տարվում, սակայն հարկ է նշել, որ հետաքննությունը կապված է ոչ թե ռուս օդաչուի սպանության, այլ միանգամայն այլ մեղադրանքի հետ: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա այստեղ ևս հստակություն չկա: Թուրքիայի վարչապետ Բինալ Յըլդըրմը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում փոխհատուցում վճարել, չնայած ավելի վաղ նշել էր, որ եթե անհրաժեշտ լինի, Անկարան պատրաստ է փոխհատուցելու ռուսական կողմին: Ի դեպ, հարկ է նշել, որ Թուրքիան բավականին յուրօրինակ ձևով է ներողություն խնդրել: Պուտինին ուղղված նամակում Էրդողանը ներողություն բառի համար օգտագործել է «kusura bakmasınlar» տարբերակը, ինչը թուրքերենում ավելի շատ արտահայտում է ցանկություն, որ զրուցակիցը դադարի նեղվել, քան ափսոսանք: Այդ ձևով Էրդողանը փորձել է կատարել Կրեմլի պահանջը՝ հնարավորինս քիչ վնաս հասցնելով իր հեղինակությանը: