«Նրանք, ովքեր ասում են, որ Պուտինին ուղղված Էրդողանի նամակում ներողությունը բացակայում է, չեն կարողանում դա մարսել, քանի որ երկրպագուների աչքերում իրենց կուռքը անսխալ է և չի խոնարհվում: Սակայն ցավոք իրականությունն այլ է», - կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մախտիևը՝ ընդգծելով, որ ներողություն խնդրելով Էրդողանը չի կորցրել իր դեմքը: Սակայն Ադրբեջանում այդպես շատ քչերն են մտածում: «Մեր հայրենակիցների շրջանում քիչ չեն այնպիսիները, ովքեր համարձակվում են քննադատաբար արձագանքել Մոսկվայի նկատմամբ նախագահ Էրդողանի բարի կամքի դրսևորմանը: «Ո՞վ է էրդողանը դրանից հետո», «Ծնկաչոք բռնապետը», «Սպասենք հաջորդ ինքնաթիռին»… Սոցիալական ցանցերը լի են նման մեկնաբանություններով», - գրում է vesti.az-ը: էրդողանի ներողությունների կապակցությամբ haqqin.az հարցադրում է անում. «Մի՞թե էրդողանը անցել է իր հպարտության վրայով և որոշել է խոնարհվել մոսկովյան առաջնորդի առաջ»: Այնուհետև հոգվածագիրը շտապում է հանգստացնել իր ընթերցողներին. «Թուրքերենի գիտակները ասում են, որ ամեն ինչ այդքան էլ նվաստեցուցիչ չէ, ինչպես երևում է առաջին հայացքից»՝ նշելով, որ Էրդողանի կողմից օգտագործված բառը ոչ թե նշանակում է «ներեցե՛ք», այլ՝ «մի՛ նեղացեք»:
Haqqin.az-ը վստահ է, որ էրդողանը կատարել է Մոսկվայի պահանջը ոչ սեփական կամքով, քանի որ բազմիցս հերքել է միջադեպի հետ կապված իր մեղքը և հրաժարվել է ներողություն խնդրել: «Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցման հարցում հատուկ դերակատարում է ունեցել Եվրամիությունը, ով մինչև վերջին ժամանակները հանդիսանում էր Անկարայի ամենամտերիմ դաշնակիցներից մեկը՝ ԱՄՆ-ի հետ միասին: Սակայն Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորության վերաբերյալ առաջատար եվրոպական քաղաքական գործիչների բացասական հայտարարությունների շարքը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի որոշումը, Անկարայի համար դարձան ԵՄ հետ համագործակցության նվազեցման ապացույց», - նշում է ադրբեջանական պորտալը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք նախկինում հպարտանում էին Էրդողանի անզիջում լինելով, այժմ իրենց հանգստացնում են, որ ներկայումս պայմաններ են ստեղծվել ոչ միայն եղբայրական Թուրքիայի և ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնման, այլ նաև նոր՝ ավելի բարձր մակարդակի անցնելու համար, քանի որ երկու երկրներն էլ բավականին բարդ իրավիճակում են և այժմ ավելի զիջող են: