ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումն ու նրանցում առկա անվստահության բարձր մակարդակը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին մղեցին բռնել Ռուսաստանի հետ հարաբերությունների հրատապ կարգավորման ուղին:
Եթե ներողություն խնդրելու հանգամանքը որոշ փորձագետների կողմից դիտարկվում է որպես ճիշտ քայլ՝ ուղղված հարաբերությունների այդքան սպասված կարգավորմանը, ապա Թուրքիայի ներսում այս հարցի շուրջ տրամադրությունները մի փոքր այլ են, քանի որ թուրքական որոշ լրատվամիջոցների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքով՝ ներողություն խնդրելով Էրդողանը դարձավ պարտվող կողմ:
Բացի այդ, Էրդողանի կողմից արված բացասական հայտարարություններից և սուր հռետորաբանությունից հետո, իհարկե, թուրքերը չէին պատկերացնում, որ իրենց նախագահը երբևէ կարող է արտասանել այդ խոսքերը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահի համար ներողություն խնդրելն ավելի անընդունելի է, քան քննադատության արժանանալը:
Թուրքական ընդդիմադիր մամուլի քննադատության հիմնական մտահոգությունն այն է, թե դեռևս օրեր առաջ Էրդողանը պնդում էր, թե Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի, սակայն, այժմ Թուրքիան է նման քայլի գնում:
Այս առումով ամենից սուր քննադատության Էրդողանն արժանացել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, Քըլըչդարօղլուն վրդովմունք է հայտնել Էրդողանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ հղելու համար՝ ընդգծելով, որ իշխանություններն արտաքին քաղաքականությունը վերածել են ներքին քաղաքականության գործիքի:
«Էրդողանը նամակ է հղել Պուտինին, որում ներողություն է խնդրել Թուրքիայի Հանրապետության անունից: Բայց ո՞վ ես դու, որ ներողություն խնդրես Թուրքիայի անունից: Դու չես կարող ներողություն խնդրել Ռուսաստանից, դու չունես նման իրավունք: Ո՞վ է խախտել սահմանը՝ ռուսները: Էրդողանն ասում էր՝ եթե կա մեկը, որ պետք է ներողություն խնդրի, Ռուսաստանն է: Սկզբում նրանք մռնչացին ինչպես առյուծ, իսկ այժմ մլավում են ինչպես կատուները»,- ասել է ԺՀԿ առաջնորդը:
Հատկանշականն այն է, որ հասարակության մեջ տիրող պարտվողական տրամադրությունները փոքր-ինչ մեղմելու նպատակով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները և որոշ իշխանամետ լրատվամիջոցներ բառախաղային «քաղաքականություն» են առաջ քաշում՝ պնդելով, որ Էրդողանի հայցած ներողությունը նամակում, բուն «ներողություն» բառը չէ, այլ ավելի մեղմ տարբերակն է՝ «ցավում» եմ իմաստով:
Իսկ որոշ լրատվամիջոցներ էլ ընդծում են, թե Էրդողանը ոչ թե ներողություն է խնդրել, այլ ռուսերենով գրել է «իզվինիտե»։ Այս հանգամանքն իր հերթին սոցկայքերում զվարճանալու առիթ է դարձել, քանի որ, բոլոր իմաստներով էլ «իզվինիտե» բառը նշանակում է «կներեք»։