ԵԱՀԿ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորմանը, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Լամբերտո Զաները Վիեննայում ԵԱՀԿ անվտանգության ամենամյա համաժողովի ժամանակ: Նշենք, որ եռօրյա համաժողովի շրջանակներում նախատեսվում է համաեվրոպական անվտանգության հետ կապված հարցերի՝ այդ թվում նաև միգրացիոն ճգնաժամի, ԵԱՀԿ ընթացիկ օրակարգային հարցերի, Ուկրաինայի արևելքում իրավիճակի և ԵԱՀԿ տարածքում առկա սառեցված հակամարտությունների վերաբերյալ քննարկումներ անցկացնել:
Ուկրաինական ճգնաժամին կազմակերպիչներն առանձին քննարկում են հատկացրել, քանի որ իրենց կարծիքով այն հանդիսանում է ԵԱՀԿ տարածքում անվտանգության հիմնական սպառնալիք: Ուկրաինայից բացի որպես առավել խնդրահարույց շրջաններ համաժողովի կազմակերպիչներն առանձնացրել են Ղարաբաղը և Մերձդնեստրը: ԵԱՀԿ-ն այս երկու հակամարտությունների կապակցությամբ զգուշավոր դրական միտում է նկատում՝ կապված Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման, ինչպես նաև «5+2» ձևաչափով Մերձդնեստրի շուրջ բանակցությունների վերսկսման հետ: Չնայած դրան, ինչպես հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտությունը մեծ անհանգստություն է առաջացնում ԵԱՀԿ-ում: Նա ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդեն առկա ձևաչափում անցկացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մատնանշել է անվտանգության ապահովման և կողմերի միջև վստահության հաստատման հարցում ձեռք բերված առաջընթացի կարևորությունը: «Տեղում ԵԱՀԿ մոնիթորինգի ուժեղացումը կարող է կայունացնող դեր խաղալ», - ընդգծել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին զարգացումներն անհանգստացնում են ոչ միայն ԵԱՀԿ-ին, այլ նաև ՄԱԿ-ին: Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում հրադադարի խախտման դեպքերի կապակցությամբ: