Էրդողանի ներողություններից հետո ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը իրեն երկար սպասել չտվեց: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 7 ամիս շարունակ Էրդողանի զանգերի չպատասխանելուց հետո անձամբ զանգեց նրան: Երկու նախագահների ավելի քան 40 րոպե տևած հեռախոսազրույցի բավանդակության մասին շատ բան հայտնի չէ, սակայն մի բան հստակ է՝ Մոսկվան և Անկարան որոշել են վերականգնել հարաբերությունների մինչճգնաժամային մակարդակը: էրդողանի հետ հեռախոսազրույցի արդյունքներով Պուտինը կառավարությանը հանձնարարել է բանակցություններ սկսել թուրքական գերատսչությունների հետ վերականգնելու երկկողմ համագործակցությունը առևտրա-տնտեսական և այլ ոլորտներում: Սա նշանակում է, որ Սու-24-ի միջադեպից հետո Թուրքիայի նկատմամբ մտցված բոլոր սահմանափակումները վերացվում են: առաջին հերթին դա վերաբերում է զբոսաշրջությանը, որի համար ռուսական կողմը որպես նախապայման նշել էր Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ հավելյալ միջոցների ձեռնարկումը: «Թուրքայի նախագահը ինձ հավաստիացրել է, որ թուրքական իշխանությունները կանեն իրենցից կախված ամեն բան՝ Թուրքիայի Հանրապետության տարածքում մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար», - նշել է ՌԴ նախագահը:
Ինչ վերաբերում է մնացած տնտեսական սահմանափակումներին, ապա դրան կչեղարկվեն փուլ առ փուլ՝ վնասներ չհասցնելով ռուս արտադրողին և այն գործընկերներին, ովքեր հասցրել են այս ընթացքում զբաղեցնել թուրքական արտադրանքից ազատված ռուսական շուկան: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նշենք, որ 2016 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է մոտ 50 տոկոսով՝ 8,8 մլրդ-ից հասնելով 4,8 մլրդ-ի: Միևնույն ժամանակ զգալիորեն (մոտ 17 տոկոս) նվազել է նաև Թուրքիայի եկամուտները զբոսաշրջության ոլորտից, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը և որտեղ զբաղված է քաղաքացիների 8 տոկոսը:
Վերլուծաբանների մեծ մասը Էրդողանի անսպասելի ներողությունը կապում են նաև երկրի տնտեսական ծանր դրությունում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտության հետ: