Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի շրջանակներում գերմանական Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևից հետո այժմ ուշադրության կենտրոնում Ֆրանսիան է: Նախորդ ուրբաթ Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) միաձայն ընդունեց «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում կառավարության առաջարկած փոփոխությունը, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացում: Ընդունված փոփոխություններով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկման և 45 հազար եվրոյի տուգանքի չափով պատիժ սահմանել մարդկության դեմ իրականացված հանցագործությունները և ռազմական հանցագործությունները ժխտելու կամ դրանց նշանակությունը նվազեցնելու փորձերի համար:
Նշենք, որ Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված փաստաթուղթը դեռ պետք է հավանության արժանանա Սենատում, ապա ստորագրվի նախագահի կողմից: Միայն այս ամենից հետո փաստաթուղթն ուժի մեջ կմտնի: Հավանականությունը, որ այն Սենատում ևս կընդունվի, առնվազն փոքր չէ: Բավական է հիշել միայն այն, որ ընդամենը 4 տարի առաջ էր, որ Ֆրանսիական խորհրդարանը (և՛ ստորին պալատը, և՛ Սենատը) ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը, որը սակայն ուժի մեջ չմտավ Սահմանադրական խորհրդում բողոքարկվելուց և հակասահմանադրական ճանաչվելուց հետո: Բացի այդ, Ֆրանսիայում վաղուց գործում է համապատասխան օրենք հրեական ցեղասպանության՝ Հոլոքոստի մերժման համար: Այս ամենը հիմք է տալիս ենթադրել, որ ֆրանսիական Սենատի կողմից այժմ ներկայացված փաստաթուղթը մեծ շանսեր ունի ընդունվելու, առավել ևս այժմ՝ Եվրոպա - Թուրքիա ոչ այդքան հարթ հարաբերությունների պարագայում և Գերմանիայի Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո:
Ֆրանսիական խորհրդարանում գտնվող օրինագծի վերջնական հաստատման դեպքում, ամենայն հավանականությամբ, կհետևի Թուրքիայի արդեն սովորական դարձած պահվածքը՝ դեսպանի հետկանչ, ֆրանսիական ապրանքների բոյկոտ, հակաֆրանսիական արշավ:
Բնականաբար, թե՛ Գերմանիան, թե՛ Ֆրանսիան, Հայոց ցեղասպանության հարցն օրակարգ բերելով, առաջին հերթին նպատակ ունեն ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Սակայն, այդ փաստը չի նվազեցնում ընդունված փաստաթղթերի ազդեցությունը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ընդհանուր գործընթացի վրա: Մեծ է հավանականությունը, որ Ցեղասպանության ճանաչման կամ Ցեղասպանության հերքումը դատապարտող բանաձեր ու օրինագծեր կմշակվեն ու կընդունվեն նաև այլ երկրներում, առաջին հերթին՝ եվրոպական: