Երևանում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի բացման` կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը։
Կարմիր գորգի արարողությունից հետո կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Մոսկվա» կինոթատրոնի բեմից «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը համարեց բացված: Վերջինս ողջունեց ներկաներին և հրավիրեց դիտելու Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմը:
Իսկ փառատոնի բացման ֆիլմից առաջ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի առջև բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, ռեժիսոր Էդմոն Քեոսայանի և ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի աստղերը:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի կանցկացվի հուլիսի 10-ից 17-ը, որի ընթացքում առաջին անգամ կներկայացվեն դանիական ու բասկական ֆիլմեր, կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը՝ նվիրված անկախության տարիներին ստեղծված հայ կինոարվեստին: