Իրանի նախարարների կաբինետի նիստը հուլիսի 10-ին հավանություն է տվել ՀՀ և Իրանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման մասին համաձայնագրին: Նիստը գլխավորել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Նախարարների կաբինետը համապատասխան որոշում է կայացրել չեղարկել մուտքի արտոնագրերի ռեժիմը ՀՀ դիվանագիտական և սովորական անձնագրեր ունեցողների համար:
Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերի խորացմանն ու երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների կարգավորմանը: Ըստ փաստաթղթի, ՀՀ և Իրանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի փոխադարձաբար գտնվել հարևան երկրում 90-180 օր:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիր են կնքել երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ, որը ստացել է ՀՀ կառավարության հավանությունը: