Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալի Ռեզա Քամելիի հայտարարության համաձայն, դեպի Հայաստանի իրանական գազի ծավալները կեռապատկվեն: Չնայած գազի ներհոսքի ծավալների այդ ավելացումը պայմանավորված է հայ-իրանական էներգետիկ համագործակցութան խորացման, մասնավորապես Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճով, ինչին «Արմեդիա» ՏՎԳ-ն նախկինում անդրադարձել է, ավելի մեծ ծավալների իրանական գազի մուտքը Հայաստան պետք չէ դիտարկել միայն այդ համատեքստում: Դեռևս նշված նյութում կար ակնարկ, որ իրանական այլընտրանքային գազը տնտեսապես շահավետ է ՀՀ համար, անգամ եթե այդ այլընտրանքն այսօր չգործի ուղղակի ի շահ սպառողի: Նկատի էր առնվում այնպիսի ֆորս մաժորային իրավիճակները, որոնք կարող են կապված լինել որևէ տնտեսական կամ քաղաքական իրադարձության հետ, որի արդյունքում դեպի Հայաստան ներմուծող գազի «ծորակը» կարող է փակվել: Կանխատեսումները տեղին էին, իրադարձությունը երկար սպասեցնել չտվեց:
Երկու օր առաջ՝ հուլիսի 11-ին պարզ դարձավ, որ ՀՀ ներմուծվող գազի մատակարարումը մեկ ամսով կդադարեցվի Վրաստանի սահմանին առկա տեխնիկական ինչ-ինչ հարցերի պատճառով: Այդ կապակցությամբ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ աշխատանքային հետախոսազրույցի ընթացքում դիմել է Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով: Իրանական կողմի արձագանքը եղել է դրական:
Ստեղծված իրավիճակի մասին կարելի է տալ ընդհանուր բնութագրական. իրանական այլընտրանքային գազը կսպառվի Հայաստանի քաղաքացու կողմից: Սա նշանակում է, որ միանգամայն արդարացված են էներգետիկ ոլորտում հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն ուղղված երկուստեք ջանքերն ի դեմս դեպի Հայաստան մատակարարվող գազի ծավալների մեծացման, չնայած, որ ներկրվող գազի ծավալների եռապատկումը առայժմ պայմանավորված է միայն ՀՀ-ից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների սպասվող ավելացման հետ:
Իրականում պետք չէ բացառել հայ-իրանական գազամուղի ամբողջական ծավալով շահարկման խնդիրը, առավել ևս հաշիվ առնելով, որ Բուլղարիան ու Իրանը դիտարկում են Հայաստանի և Վրաստանի տարածքով գազատրանսպորտային միջանցք ստեղծելու հնարավորությունը: Նմանատիպ միջանցքի ստեղծումը հայկական տնտեսությանը կբերի ոչ միայն տրանզիտային օգուտներ, այլև հնարավորություն հարկ եղած իրավիճակներում լայնածավալ սպառման նպատակով անխոչընդոտ օգտվել իրանական գազից: