Հունաստանը երբեք չի համակերպվի Կիպրոս թուրքական ներխուժման հետ և պահանջում է այնտեղից դուրս բերել օկուպացիոն զորքերը: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը:
«Այսօր լրանում է Կիպրոս Թուրքիայի ներխուժման 42-րդ տարին։ Դրանից սկիզբ առավ Կիպրոսի տարածքի ավելի քան մեկ երրորդի շարունակվող թուրքական ապօրինի օկուպացիան: Երկիր, որը ՄԱԿ և ԵՄ անդամ է»,- նշված է հայտարարության մեջ:
Կոտզիասը հայտարարել է, որ դրա նպատակը ՄԱԿ համապատասխան բանաձևերի հիման վրա Կիպրոսի հարցի արդարացի և ամուր, համընդհանուր ընդունելի և համաձայնեցված որոշման ընդունումն է:
Հիշեցնենք, որ թուրքական զինուժը 1974 թվականի հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը ներխուժեց Կիպրոսի հյուսիսային շրջաններ և օկուպացրեց երկրի տարածքի 37 տոկոսը: 1983 թվականին օկուպացված տարածքում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը ճանաչել է միայն Թուրքիան: