Երեկ՝ հուլիսի 30-ին, Եվրոպական միության Արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ պահվող բժշկական անձնակազմին: Միաժամանակ վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանի իշխանություններին` զերծ մնալու ոստիկանության կողմից հանրային միջոցառումները վերահսկելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառումից: Նույն կերպ ցուցարարները պետք է զերծ մնան բռնությունից իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելիս: Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի կիրառումը և բռնությունն անընդունելի են: Կոնֆլիկտները պետք է կարգավորվեն քաղաքական երկխոսությամբ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների հարգմամբ»: