Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով գերազանցում Է նախընտրական արշավում իր հանրապետական մրցակցին՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփին: Այդ մասին վկայում են համազգային վերջին հարցման՝ օգոստոսի 1-ին հրապարակված արդյունքները, որը CNN հեռուստաալիքն է անցկացրել:
Համաձայն դրանց՝ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների մոտ 52 տոկոսը, իսկ Դոնալդ Թրամփի օգտին՝ մոտ 43 տոկոսը։ Դեմոկրատների թեկնածուին հաջողվել է էապես բարելավել իր վարկանիշը կուսակցության համագումարից հետո, որի ժամանակ Քլինթոնի աջակցությամբ հանդես եկան հայտնի քաղաքական գործիչներ և աստղեր։
Ըստ Washington Post-ի՝ Քլինթոնին սատարող աստղերի և հայտնիների թվում են Բեյոնսեն, Սթինգը, Սթիվեն Սփիլբերգը, Մերիլ Սթրիփը, Ռոբերտ Դե Նիրոն, Ջեյն Ֆոնդան, Լեդի Գագան, Ջորջ և Ամալ Քլունիները, Լեոնարդո դի Կապրիոն, Թոմ Հենքսը, Քեթի Փերրին և այլք:
Հիլարին նաև առավելություն ունի կին ընտրողների, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցողների և LGBT-ի համայնքի շրջանում:
Մինչդեռ Դոնալդ Թրամփի «աստղերի» ցուցակը շատ ավելի սուղ է: Դրա կազմում են Ժան Կլոդ Վան Դամը, Թեդ Նուջենթը, Լու Ֆերինյոն, Քեյթլին Ջենները և այլ պակաս հայտնի դեմքեր:
Թրամփը մեծ հույսեր է կապում արդյունաբերական Արևմուտքի հետ՝ Փենսիլվանիայից Օհայո, Միչիգանից՝ Վիսկոնսին:
Ուշագրավ է, որ նախորդ հարցման արդյունքներով, որը կրկին CNN-ն էր անցկացրել մեկ շաբաթ առաջ, ժողովրդականության ցուցանիշով առաջատարը հենց Թրամփն Էր: Նրան աջակցում Էր հարցվածների 48 տոկոսը, իսկ Քլինթոնին՝ 45:
Սակայն Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարից անմիջապես հետո, «Ըստ երևույթին ավելացել Է այն ամերիկացիների թիվը, ովքեր կարծում են, որ Քլինթոնի քաղաքական հայացքները կօգնեն երկիրը ճիշտ հունով տանելու»:
Հարցվածների մեծամասնությունն այս անգամ հայտարարել Է, որ պատրաստ Է Քլինթոնին ձայն տալ ոչ թե ի հակակշիռ Թրամփի, այլ զուտ այն պատճառով, որ իրենք իսկապես սատարում են ԱՄՆ նախկին պետքարտուղարի հայացքները: