Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին հայտարարել է, որ չնայած Թուրքիայի կողմից հնչեցված պաշտոնական կոչին, արդի իսլամի թուրք քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆաթուլլահ Գյուլենի դպրոցները երկրում չեն փակվի: Այս մասին հայտնում է ինդոնեզական The Jakarta Post թերթը:
Մարսուդին Անկարային հիշեցրել է, որ Ջակարտան անփոփոխ հարգում է այլ երկրների օրենքներն ու ինքնիշխանությունը և ակնկալում է համանման վերաբերմունք նաև իր նկատմամբ:
Նա ընդգծել է, որ մերժումով է պատասխանել Ինդոնեզիայում գյուլենական 9 ուսումնական հաստատությունները փակելու վերաբերյալ Անկարայի պահանջին, որն իրեն էր փոխանցվել դիվանագիտական ուղիներով:
«Խորհրդակցություններ են անցկացվել Կրթության նախարարության հետ, այդ դպրոցների կողմից Ինդոնեզիայի օրենքների ոչ մի խախտում չի գրանցվել», -նշել է Մարսուդին:
Հակառակ Անկարայի կոչերին՝ գյուլենական դպրոցները փակելուց հրաժարվել են նաև Ղազախստանն ու Ղրղզստանը: Նշենք, որ մինչ այժմ Անկարայի հորդորով գյուլենական դպրոցներն իրենց երկրներում փակել են Ադրբեջանը և Սուդանը: