«Հնարավոր է հասնել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել»,- համոզված է Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը:
«Վերջին տարիներին արդեն 3-րդ անգամն է, ինչ Իսրայելի խորհրդարանում բարձրացվում է Հայոց ցեղասպանության հարցը: Նախկինում այն միշտ մնում էր հանձնաժողովներում՝ չստանալով հետագա ընթացք, սակայն այժմ չանցած մեկ ամիս՝ հանձնաժողովը քննարկում է այն և որոշում կայացնում ճանաչել 1915 թվականի կոտորածն որպես ցեղասպանություն»,- նշել է Ալեքսանդր Ցինկերը: Նրա խոսքով՝ գործընթացի այս փուլն անչափ կարևոր է, և անհրաժեշտ է պատշաճ կերպով լոբբինգ իրականացնել ոչ միայն խորհրդարանի պատգամավորների, այլև հենց իսրայելական հասարակության շրջանում:
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչողը բանաձևը ներկայացվել է իսրայելական խորհրդարանի տարբեր հանձնաժողովների քննարկմանն արդեն 9 անգամ: Միայն վեց անգամ ուղարկվել է արտաքին հարաբերութունների և անվտանգության հանձնաժողով, սակայն երբեք չի քննարկվել, երեք անգամ էլ ուղարկվել է Կրթության գիտության և մշակույթի հանձնաժողով: 2015 թվականին այս հանձնաժողովում կազմակերպվել է բաց քննարկում և որոշում է կայացվել 2016 թվականին հարցը քննարկման ներկայացնել Կնեսետի լիագումար նիստի ժամանակ 2016 թվականին:
Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնի նախաձեռնությամբ քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը: Քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկվեց Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողով: Օգոստոսի 1-ին հանձնաժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Այս կապակցությամբ Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակ Էմանուել Նախշոնը հայտարարել է, որ հանձնաժողովի գնահատականը չի համընկնում Իսրայել պետության պաշտոնական դիրքորոշման հետ: «Իսրայելը համաձայն չէ 1915 թվականի դեպքերի վերաբերյալ հայերի պնդումների հետ, և դա երբեք չի փոխվի», - հայտարարել է Նախշոնը:
Փորձագետները նշում են, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հիմնական պատճառը Թուրքիայի կողմից մշտական ճնշումներ են այս հարցում և իսրայելական հասարակության որոշ խմբերի մտավախությունը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումով կվնասի Հոլոքոստի եզակիության մասին պնդումներին: Այսպես, 2001 թվականին Իսրայելի ԱԳ նախարար Շիմոն Պերեսը հայտարարել էր, որ Մեծ Եղեռնը և Հոլոքոստը չի կարելի համեմատել, քանի որ առաջինի դեպքում տեղի է ունեցել ողբերգություն, այլ ոչ ցեղասպանություն:
Փորձագետները նաև ընդգծում են Ադրբեջանի գործոնը: Ցեղասպանության ճանաչումը կփչացնի Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը վերջինիս համար ռազմավարական նշանակություն ունի հակաիրանական քաղաքականության հարցում:
Նվազ կարևոր չէ նաև Թուրքիայի և Ադրբեջանի հրեական համայնքների գործոնը. և՛ Անկարան, և՛ Բաքուն սպառնում են Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում հետապնդումներ սկսել տեղի հրեական համայնքների նկատմամբ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ շարքային իսրայելցիների կարծիքին՝ նշենք, որ տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ նրանց մեծամասնությունը կարծում է, որ Իսրայելի բարոյական պարտքն է ճամաչել Հայոց ցեղասպանությունը: