ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ խոչընդոտվում է Ա․ Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ, փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։
Ա.Լամբարյանին և Ս.Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, հաղորդում ստանալուց անմիջապես հետո՝ օգոստոսի 4- ժամը 20:00-ի սահմաններում աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեղի են ունեցել առանձին հանդիպումներ ինչպես Արմեն Լամբարյանի, այնպես էլ Սեդրակ Նազարյանի հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։
Նշվում է, որ մանրամասն ուսումնասիրությունների, ինչպես նաև առանձնազրույցների ընթացքում Ա․ Լամբարյանին կամ Ս․ Նազարյանին խոշտանգման կամ որևէ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկելու մասին տեղեկությունները չեն հաստատվել:
Բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ նշված անձանց կողմից որևէ բողոք չի ներկայացվել։
«Ինչ վերաբերում է փաստաբանի մուտքին կամ նրան վարույթին չներգրավելուն, ապա այդ հարցն արդեն քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով վաղն առավոտյան համապատասխան գրություն կուղարկվի նախաքննության մարմնին», - հայտնում է ՄԻՊ-ը։