ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են յուրաքանչյուր պահի այցելել Անկարա՝ հանդիպելու համար Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, և սպասում են կոնկրետ հրավերների: Այս մասին հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների անցկացման համար մենք արդեն այցելել ենք Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների մայրաքաղաքներ: Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ կարծիքների փոխանակման հնարավորությունը, նրանց աջակցությունը՝ ուղղված բանակցային գործընթացում առաջընթացի հասնելուն և բռնության ռիսկերի նվազեցմանը»,- ասել է Ուորլիքը ադրբեջանական APA գործակալությանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է Անկարա այցելեին հուլիսի 18-ին, սակայն Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի պատճառով համանախագահների այցն անորոշ ժամանակով հետաձգվել է: