«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գործողությունները թուրքական ուժերի դեմ այսուհետ ընթանալու են ոչ միայն լեռնային, այլ նաև բնակելի գոտիներում: Այս մասին հայտարարել է «Քրդական համայնքների միության» համանախագահ Ջեմիլ Բայըքը, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haber.sol» լրատվական կայքին:
«Պատերազմն արդեն ընթանալու է ոչ միայն սարերում, հարթավայրերում: Գործողություններն ընթանում են և ընթանալու են մեծ բնակչություն ունեցող վայրերում»,- սպառնացել է Բայըքը:
Նշելով, որ այդ ամենը նոր փուլ է, նա զգուշացրել է, որ արդեն քաղաքներում ծառայություն իրականացնող թուրքական ոստիկանությունը նախկինի նման չի կարող հանգիստ մնալ, քանի որ քուրդ զինյալները դիմելու են նոր գործողությունների: