Ռուսաստանը ձգտելու է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային և երկու կողմի համար ընդունելի որոշման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Դուք հիշատակեցիք Ղարաբաղի մասին: Դա իսկապես խնդիր է, որը մեզ բաժին է ընկել մեր խորհրդային անցյալից: Տեղյակ եմ, թե դա որքան սուր հարց է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Մենք ձգտելու ենք այն բանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի որոշում, որը փոխզիջումային է, սակայն ընդունելի երկու կողմի համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, որ հաղթողները լինեն երկու երկրների ժողովուրդները, և երկու երկրները զգան, որ նրանք լուծել են այդ բարդ խնդիրը՝ ելնելով այսօրվա և ապագա սերունդների շահերից»,- ասել է Պուտինը Ալիևի հետ հանդիպմանը:
Նշենք, որ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Բաքվում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում ասվում է, որ տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները լուրջ խոչընդոտ են հանդիսանում տարածաշրջանային համագործակցության համար և ընդգծվում է դրանց կարգավորման անհրաժեշտությունը՝ «միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»: