Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում երկրում հեղաշրջման փորձից հետո առաջին ուղևորությունն էր դեպի արտերկիր, որն անմիջապես թոփ թեմա դարձավ միջազգային ԶԼՄ-ների համար:
Հանդիպման օրակարգում քննարկվում էր Սիրիան, հակաահաբեկչական համագործակցությունը, ինչպես նաև տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև՝ այդ թվում պատժամիջոցների վերացումը Ռուսաստանի կողմից, որոնք էապես ազդել էին թուրքական տնտեսության վրա:
«Հիմա երկու հարևաններն ու առևտրային գործընկերները պատրաստ են հաշտության, ինչին նպաստեց հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի Պուտինի արագավազ դատապարտումը», - գրում է ամերիկյան հեղինակավոր Washington Post-ը: - «Հակաարևմտյան տրամադրությունների ընդհանուր մթնոլորտի ներքո Էրդողանի ջերմ հարաբերությունները Ռուսաստանի հետ կարող են ամրապնդել Թուրքիայի օտարումն իր ավանդական դաշնակիցներից»:
«Դեռ շատ ժամանակ կպահանջվի հարաբերությունների բարելավման համար այն դառը վեճից հետո, երբ Պուտինը մեղադրեց Էրդողանին Ռուսաստանին թիկունթից հարված հասցնելու և Իսլամական պետություն խմբավորման հետ ապօրինի նավթային առևտուր ունենալու մեջ», - իր հերթին կարծում է France 24-ի վերլուծաբանը:
Շատ կոպիտ և հեգնական հոդված է հրապարակել բրիտանական The Independent թերթը՝ Պուտին-Էրդողան հանդիպումն անվանելով Սուլթանի և Ցարի հանդիպում:
«Սուլթանը ճանապարհորդում է թագավորական նստավայրում մեծն ցարին տեսնելու: Սանկտ Պետերբուրգի թատրոնում պարտվողների և անհաջողակների ցանկը բավականին երկար է», - գրում է թերթը: - «Առաջին հերթին ԻՊ-ն ու մյուս բոլոր իսլամիստական ուժերը, որ այժմ կռվում են Սիրիայում, հանկարծ տեսնում են, որ իրենց զինող ամենահուսալի թիմակիցը միավորվել է իրենց առավել վայրագ թշնամու՝ ՌԴ ռազմաօդային ուժերի սեփականատիրոջ հետ»:
Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, թուրք պաշտոնյաները ժխտում են, որ իրենք երես են թեքում Արևմտյան աշխարհից:
«Էրդողանի սրտաճմլիկ ուղևորությունը դեպի Ռուսաստան՝ մի երկիր, որը լավ հարաբերությունների մեջ չէ Արևմուտքի հետ մի շարք հարցերի պատճառով, ինչպիսին են Սիրիան և Ուկրաինան, կարող է Թուրքիայի դաշնակիցներին մտածելու տեղիք տալ», - հայտնում է CNN-ը: «Անկարայի հետ Արևմուտքի լարված հարաբերությունների պայմաններում Կրեմլը նաև հնարավորություն է ստանում «իշխել» ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա: Իսկ արևմտյան հանրության և ՆԱՏՕ-ի պառակտումը Ռուսաստանի նախագծած գերնպատակներից մեկն է», - գրում է ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցը: