ՌԴ նախագահը Էրդողանի հետ բանակցությունները որակել է առարկայական և կառուցողական:
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկու ժամ տևած հանդիպումից հետո ՌԴ և Թուրքիայի նախագահները հանդես են եկել համատեղ ասուլիսով: Սա նրանց առաջին հանդիպումն էր երկկողմ հարաբերությունների սրացումից հետո:
«Տեղի է ունեցել առարկայական եւ, կցանկանայի ընդգծել, կառուցողական խոսակցություն երկկողմանի կապերի ամբողջ համալիրի, ինչպես նաեւ միջազգային օրակարգի վերաբերյալ»,- ասել է Պուտինը: Նա հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է փուլ առ փուլ չեղարկել թուրքական ընկերությունների նկատմամբ բոլոր սահմանափակումները, որ մտցվել էին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:
Պուտինը նշել է նաև, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը՝ Թուրքիային գազ մատակարարելու մասով, կասկածի տակ չի դրվում, իսկ Էրդողանը հավաստիացրել է, որ Անկարան պատրաստ է ապահովել գազի մատակարարումը դեպի Եվրոպա՝ «Թուրքական հոսքով»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիայում ՌԴ կողմից իրականացվող «Աքկույու» ատոմակայանի կառուցման նախագիծը ստանալու է «ռազմավարական ներդրման» կարգավիճակ: Նաեւ՝ Էրդողանը ասուլիսի ժամանակ ասել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնել հարաբերությունները ՌԴ հետ՝ ռազմական արդյունաբերության ոլորտում: