Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների պետերբուրգյան բանակցություններն երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման համարիրական մեկնարկ էին: Միևնույն ժամանակ, փորձագետներն ընդգծում են, որ բանակցությունների արդյունքում որևէ բեկումնային հայտարարություն չի արվել. Պուտինը հասկացնել տվեց, որ հարաբերությունների վերկանգնումը երկար և բարդ է լինելու, իսկ էրդողանը բավարարվեց Ռուսաստանի նախագահին երախտագիտություն հայտնելով:
Lenta.ru-ն ուշադրություն է հրավիրում, որ Պուտին-էրդողան հանդիպմանը Պուտինը շարունակել է պահել լարվածությունը: «Վերջին 7 ամիսներին բավականին շատ բան է ասվել, ուղղակի ժպտալու համար», - գրում է լրատվական գործակալությունը՝ Էրդողան-Պուտին հանիպումը բնութագրելով որպես «դեմ առ դեմ հանդիպում մեջքին հարվածից հետո»:
Известия-ն ևս ուշադրություն է հրավիրում Պուտին-էրդողան հանդիպման ժամանակ առկա իրական լարվածության վրա: «Այցը համալրված էր տարբեր դետալերով, որնք խոսում էին գործընկերների՝ միմյանց նկատմամբ հարգանքի մասին: Էրդողանի այցը Սանկտ-Պետերբուրգ Թուրքիայի առաջնորդի առաջին արտերկրյա այցն էր ռազմական հեղաշրջման փորձից հետո: Ռուսաստանը, որպես ընդունող կողմ, հյուրին ընդառաջել է և, խախտելով սահմանված արարողակարգը, թույլ է տվել Թուրքիայի ղեկավարի օդանավի անսովոր ընդունելություն կազմակերպել. Պուլկովո էին բերվել թուրք շինարարներ, որոնք երկու երկրների դրոշներով զգացմունքային կերպով դիմավորում էին էրդողանին: Գործնական ճաշի ժամանակ երկու նախագահների սեղանին կային նրանց նկարներով ափսեներ (այդպես անում են միայն բացառիկ դեպքերում): Սակայն ամեն դեպքում երևում էր, ով է մեղավոր կողմը: Եվ զգացվում էր, որ մեղքն ընդունվում է: էրդողանն առնվազն 5 անգամ Պուտինին անվանել է լավ ընկեր, հարգելի նախագահ և շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար», - գրում է թերթը:
Փորձագետները կարծում են, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև բանակցությունները հարթել են երկու երկրների միջև տարաձայնությունների մեծ մասը, սակայն քաղաքական տարաձայնությունները պահպանվում են, և կողմերից յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա: «Ռուսաստան այցի ժամանակ Էրդողանի բոլոր հայտարարությունները հաճոյախոսությունների բնույթ են կրում, որոշակի առումով դա արևելյան շողոքորթություն է և ցանկություն հարթելու Սու-24-ի խոցման ողբերգական դրվագը», - կարծում է զենքի միջազգային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն: Նրա կարծիքով հիմա պետք է սպասել՝ տեսնելու, թե ինչքանով են թուրքերը ընդունակ ոչ միայն խոսելու, այլ նաև հստակ համաձայնագրեր իրականացնելու: