Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանք գյուղից օրերս վերադարձած երևանցի լրագրող Մարկ Գրիգորյանի ֆոտոպատմությունը հրապարակվել է բրիտանական BBC-ի ռուսական ծառայության կողմից:
Գյուղն իր անունը ստացել է միջնադարյան Դադիվանք վանքի պատվին: Այն կառուցվել է Թադևոս առաքյալի 70 աշակերտներից մեկի՝ Սուրբ Դադեի գերեզմանատեղիում։ Միջնադարում վանքը խոշոր կրոնական կենտրոն էր համարվում։ Խորհրդային ժամանակաշրջանում, տեղի բնակիչների խոսքերով, գյուղում ապրող ադրբեջանցիները վանքում ոչխարներ են պահել։
Գյուղում ընդամենը 27 տուն կա: Գրեթե բոլոր տներում բնակվում են Ադրբեջանի տարբեր քաղաքներից և գյուղերից փախստականները, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները Ղարաբաղյան պատերազմի ժամանակ:
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 25 հազար մարդ: Հարյուր հազարավորները փախստական են դարձել:
«Իսկ բնությունն այստեղ չափազանց գեղեցիկ է, սակայն մարդկանց այնքան պակասում է խաղաղությունն ու անդորրը»,- գրում է հեղինակը: