Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օգոստոսի 17-ին այցելել է Հայաստանի քաղաքացուն, ով հատել է հայ- ադրբեջանական սահմանը և պահվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից, կոմիտեն իր մանդատի համաձայն տրամադրել է նրան ընտանեական բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն:
Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած տղամարդը Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանն է` ծնված 1954թ.: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը նշել էր, որ տվյալ անձնավորության հարազատներն արդեն դիմում են ներկայացրել, որ նա տնից գնացել է: Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է, կանխվել է սահմանահատումը: