Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները խափանել են Սագուրամ գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան ձգվող գազամուղի պայթեցման փորձը: Ձերբակալվել է յոթ մարդ, նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է apsny.ge-ը:
Նշվում է, որ հանցախմբի անդամները օգոստոսի 20-ին ուղևորվել են Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մերձակա անտառազանգված՝ այնտեղից պայթուցիկներ ձեռք բերելու համար: Դրանք վերցնելու պահին նրանք ձերբակալվել են: Առգրավվել է 4 միավոր 200 գրամանոց տրոտիլ, պայթուցիկի պատրաստման համար նախատեսված երկու լար, 5 միավոր կապսուլ-դետոնատորներ և այլ պայթուցիկ նյութեր: Ձերբակալվածներից մեկի տանը համակարգչում հայտնաբերվել է քարտեզ, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ նրանք ծրագրում էին իրականացնել պայթեցումները: