Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն կարծում է, որ Ռուսաստան-Հայաստան գազամուղի հատվածի պայթեցումը հոկտեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ ձեռնտու կլիներ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:
«Դժվար չէ կռահել, որ ընտրությունների շեմին իրավիճակի ապակայունացումը ձեռնտու է Սաակաշվիլիին ու իր կուսակցությանը: Ես չեմ կարող ուղղակիորեն մեղադրել նրանց ահաբեկչության նախապատրաստման համար, սակայն նրանց մոտ կարող էր այդպիսի ծրագիր ծնվել», - Կոբախիձեի խոսքեր մեջբերում է Интерфакс-ը:
Միևնույն ժամանակ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին տեղին չի համարում Վրաստանի պետանվտանգության ծառայության ակնարկները, թե Վրաստանում պատրաստվող ահաբեկչությունն ինչ-որ կերպ կապված է Ուկրաինայի հետ: «Պետական անվտանգության ծառայության ակնարկները նշանակում են, որ ահաբեկչությունը կազմակերպել է Ուկրաինան: Գուցե կարելի էր մտածել նման բան հայտարարելուց առաջ: Եթե դուք կասկածում եք Միշային (Միխեիլ Սաակաշվիլի) և նրա կուսակցությանը, հարկավոր էր ասել, որ պարզում եք, թե արդյո՞ք դրա հետևում կանգնած է Միշան, այլ ոչ կասկածել Ուկրաինային»,- սոցցանցում գրել է Խիդաշելին:
Հիշեցնենք, օգոստոսի 22-ին Ռուսաստան-Հայաստան գազամուղը պայթեցնելու փորձ կազմակերպելու մեղադրանքով 7 անձ է ձերբակալվել: