Ռուսաստանն ու Բելառուսը ռուսական գազի գնագոյացման նոր համակարգի շուրջ նախնական համաձայնության են եկել: Մինսկի համար գազի գինը կնվազի 32 դոլարով՝ կազմելով 100 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Որոշվել է նաև դոլարային վճարային համակարգից ռուսական ռուբլուն անցում կատարելու մասին: Այդ մասին, ria.ru-ի փոխանցմամբ, հաղորդում է "Կոմերսանտ" թերթը:
Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիս ամսին ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Գազի դիմաց Բելառուսի պարտքը հասել է 270 մլն դոլարի: Միևնույն ժամանակ Մինսկը հրաժարվում էր պարտավորություններից՝ հղվելով 132.77 դոլար գնի անարդարացիության վրա: Ռուսական կողմը պնդում էր, որ մինչ տարաձայնությունների լուծումը, գազի դիմաց պետք է վճարվեր պայմանագրային սակագներով:
Այսօր արդեն ռուսական գազի գնագոյացման մեխանիզմը փոխվել է. այն ներառում է գազի սակագինը Յամալում, Բելառուսին գազի մատակարարման ծախսերը, պահպանման ու շուկայում իրացման ծախսերը:
2017թ.-ից արդեն Բելառուսը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց կվճարի մոտ վեց հազար ռուբլի, իսկ մինչ այդ կհաստատվի կայուն 6.3 հազար ռուբլի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց: