Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախորդ շաբաթ կազմակերպված հակաահաբեկչական գործողության ժամանակ «Իսլամական պետությանը» պատկանող դպրոց է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Sondakika լրատվակայքին:
Կայքի տեղեկացմամբ՝ Անկարայում որպես գրախանութ հայտնի հինգհարկանի շենքն իրականում օգտագործվել է խմբավորման անդամ 30 երեխաներին համապատասխան կրթություն տալու նպատակով:
Պարզվել է, որ 9-17 տարեկան 30 երեխա, որոնցից 25-ն՝ աղջիկ, գիշերօթիկ կրթության սկզբունքով ապրել են նշյալ շենքում: Խմբավորումն ամսական 4000 լիրա է վճարել «գրախանութի» վարձակալման համար: Երեխաները նշյալ դպրոց են ընդունվել սոցիալական ցանցերում տեղ գտած հայտարարության շնորհիվ: Իսկ ուսումնառության վերջում նրանց համապատասխան վկայական էր տրամադրվելու:
Դպրոցն հայտնաբերելուց հետո երեխաները վերադարձվել են իրենց ծնողներին և հարազատներին: Նրանց մի մասի ծնողներն, ինչպես պարզվել է, դատապարտված են և գտնվում են անազատության մեջ: