Այսուհետ մարմնամարզությունում զուգափայտերի վարժության ժամանակ՝ վարժությունը սկսելուց առաջին ձողից հրվելով և 360 աստիճան պտտվելով մյուսից բռնվելու հնարքը կկոչվի Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած առաջին հայ կին մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանի անունով:
Նշենք, որ հայ մարմնամարզիկներն առաջին անգամ չէ, որ զարմացնում են մասնագետներին և մարզասերներին իրենց կատարած հնարքների բարդությամբ: Այսպես, օղակների վրա կախ վիճակից, ուղիղ մարմնով, ուժով առաջ շրջումով «խաչ» տարրը կոչվել է ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանի անունով. Դավթյանը Կատարում աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ աշխարհում առաջինը կատարեց նման հնարք: Ուղիղ խաչաձևում շարժումով ձեռքի վրա կանգառ և այնուհետև հակառակ խաչաձևումով շարժում տարրն էլ կոչվել է մարմնամարզիկ Վահագն Ստեփանյանի անունով:
Նշենք,որ մարմնամարզությունում հայ մարզիկների հաջողությունները և անվանական տարրեր կատարելու ավանդույթը սկսվել է մարմնամարզիկ Հրանտ Շահինյանից, ով առաջին հայ օլիմպիական չեմպիոնն է եղել (1952 թվական): Նա բավականին բարդ հնարք է կիրառել նժուգթափ վարժությունում, որը հետագայում ստացել է «Շահինյանի վերտուշկա» անվանումը:
Այնուհետև Ալբերտ Ազարյանը 1954 թվականին Հռոմում աշխարհի առաջնության ժամանակ իրականացրել է խաչ շրջադարձով վարժություն, որը այլևս կոչվում է «Ազարյանի խաչ»:
Մարմնամարզության տարրերի դասակարգման ցանկում գրանցում է ստացել նաև Արթուր Հակոբյանի (հենացատկ) անունը: Նա պատմության մեջ մտել է որպես առաջին մարմնամարզիկ, ում հաջողվել է մրցումների ժամանակ կատարել «Ցուկախարա երկու պտուտակներով վարժությունը»: