Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի անունից տեղի է ունեցել տոնական ընդունելություն՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից, ինչպես նաև հյուրեր արտերկրից, հաղորդում է «Արցախպրես»-ը:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության հռչակումը կարևոր ու շրջադարձային իրադարձություն էր, որը նոր ու փառահեղ էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ:
«Արցախի Հանրապետության կայացումը ողջ հայ ժողովրդի ընդհանուր ձեռքբերումն է, նրա մեծագույն հաղթանակներից մեկը: Նրա անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են և ենթակա չեն շահարկումների ու սակարկության: Մեզ համար չկա վերադարձ անցյալին: Յուրաքանչյուր նման փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով և դատապարտված է ձախողման: Մենք նայում ենք միայն դեպի ապագան, որը մեր ժողովրդիև պետության համար անպայման լինելու է պայծառ ու լուսավոր»,- ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահն իր ելույթում: