Սեպտեմբերի 5-ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում էին նաև Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն և փոխարտգործնախարար Դավիդ Դոնուան: Գեորգի Կվիրիկաշվիլին, ով վարչապետի պաշտոնում առաջին անգամ է այցելում Հայաստան, իր այցի շրջանակներում հանդիպում ունեցավ ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ իր հայ գործընկերոջ՝ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպումների ընթացքում շոշափվեցին հայ-վրացական օրակարգում արդեն իսկ ավանդական դարձած այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկ, տրանսպորտային և առավել լայն տնտեսական փոխգործակցությունը: Հատկանշական է, սակայն, որ Վրաստանի վարչապետի այս այցից որևէ բեկումնային առաջընթաց երկկողմ օրակարգում ակնկալել պետք չէ, քանզի այն հետապնդում էր բոլորովին այլ նպատակ:
Կվիրիկաշվիլիի այցը, մասնավորապես, պետք է դիտարկել մեր հարևան երկրում մեկնարկած նախընտրական պայքարի համատեքստում: Այսպես, հոկտեմբերին Վրաստանում պետք է կայանան խորհրդարանական ընտրություններ և արդեն իսկ մեկնարկած նախընտրական պայքարն աչքի է ընկնում բավական թեժ ընթացքով: Հաշվի առնելով Վրաստանի բնակչության էթնիկ կազմի բազմազանությունը և, մասնավորապես, ադրբեջանական և հայկական համայնքների առկայությունը, նրանց կոմպակտ բնակությունը՝ Վրաստանի նորանկախ պատմության ընթացքում բոլոր քաղաքական էլիտաները նախընտրական շրջանում միշտ փորձել են իրենց կողմը գրավել այդ համայնքների ներկայացուցիչներին, իսկ այցելությունը Հայաստան և Ադրբեջան դիտարկվում է, որպես այդ նպատակին ուղղված քայլերից մեկը: Վրաստանի գործող իշխանությունները ևս, փաստորեն, հավատարիմ են այս «ավանդույթին»: Այս մասին է վկայում այն, որ Հայաստան այցից մոտ մեկ շաբաթ առաջ (օգոստոսի 31-ին) Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ով ղեկավարում է «Վրացական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը, նման մեկօրյա պաշտոնական այցով հասցրել է լինել նաև Բաքվում՝ հանդիպելով ադրբեջանական իշխանությունների հետ:
Վրաստանի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական համայնքները խորհրդարանական այս ընտրություններում չունեն միասնական դիրքորոշում, թե որ քաղաքական ուժին են աջակցելու: Երկու համայնքների ներկայացուցիչները ներգրավված են ինչպես տարբեր քաղաքական կուսակցությունների համամասնական ցուցակներում, այնպես էլ առաջադրվել են տարբեր մեծամասնական ընտրատարածքներում:
Հատկանշական է, որ Վրաստանի քանակապես երկու ամենամեծ՝ հայկական և ադրբեջանական, համայնքներում առկա էին որոշակի դժգոհություններ Վրաստանի ընտրական օրենսգրքում իրականացված փոփոխությունների հետ կապված: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է համամասնական ընտրատարածքների միավորման միջոցով դրանց ընդհանուր թվի նվազեցմանը, ինչն այդ համայնքների որոշ ներկայացուցիչների կարծիքով նվազեցնում է խորհրդարանում իրենց ներկայացվածության հնարավորությունը: