Իսլամական աշխարհի երկու խոշորագույն երկրների՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները հերթական սրացումն են ապրում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խոմեյնին Սաուդյան Արաբիայի ղեկավարներին մեղադրում է նախորդ տարի Մեքքա ուխտագնացության (հաջ) ժամանակ ուխտավորների մահվան մեջ: Հիշեցնենք, որ նախորդ հաջի ժամանակ 2 հազարից ավելի մարդ է մահացել, որոնցից 464-ն իրանցիներ են եղել: Իրանի հոգևոր առաջնորդն անգամ հայտարարեց, որ «իսլամական աշխարհը պետք է լրջորեն վերանայի իսլամական երկու սրբավայրերի (Մեքքա և Մադինա) վերահսկողության և հաջի հարցը»՝ սաուդական իշխող ընտանիքին մեղադրելով ուխտագնացությունը կազմակերպելու անկարողության մեջ:
Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆթին հայտարարեց, որ «Իրանի ղեկավարներն իրականում մուսուլման չեն և սուննի մուսուլմաններին վերաբերվում են թշնամիների նման»:
Նախորդ տարի դեպի Մեքքա ուխտագնացությանը շուրջ 60 հազար իրանցի է մասնակցել, բայց այս տարի իրանցիները Մեքքա ուխտագնացության չեն մեկնելու, քանի որ երկու երկրների միջև ընթացող բանակցություններն այս հարցի շուրջ տապալվել են: Սա վերջին 3 տասնամյակների ընթացքում առաջին դեպքն է, որ իրանցիները հաջին մասնակցելու հնարավորություն չունեն:
Թեհրանի և Էր-Ռիադի՝ առանց այն էլ լարված հարաբերությունները սրվեցին 2016 թվականի սկզբին, երբ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում գլխատվեց շիա հոգևոր առաջնորդ Նիմր ալ Նիմրը: Սա բողոքի մեծ ալիք բարձրացրեց Մերձավոր Արևելքի շիական բնակչության շրջանում՝ էլ ավելի վատթարացնելով սուննիական Սաուդյան Արաբիայի և շիական Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները: Սաուդական միապետությունը խզեց դիվանգիտական կապերն Իրանի հետ: Ի նշան Էր-Ռիադի հետ համերաշխության` նույնն արեցին իսլամական և արաբական շուրջ մեկ տասնյակ երկրներ:
Որոշ վերլուծաբաններ կարծում էին, որ սրացումը կարող է անգամ ուղղակի ռազմական բախման պատճառ դառնալ, բայց կողմերի հակամարտությունը շարունակվեց տարածաշրջանային առկա ճգնաժամերի շրջանակներում: Խոսքն առաջին հերթին Սիրիայի, Եմենի, Իրաքի, Լիբանանի, Բահրեյնի մասին է: Սրանք հակամարտության այն հիմնական օջախներն են, որտեղ այս երկու երկրներն էլ ներգրավված են և խիստ հակադիր դիրքորոշումներ ունեն: Հետևաբար ցանկացած սրացում այս երկրների միջև սպառնում է էլ ավելի վատթարացնել վերոնշյալ հակամարտությունները: