Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական արշավ սկսելու որոշումը սխալ էր, կարծում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:
«Ես կարծում եմ, որ Իրաքում պատերազմ սկսելու որոշումը սխալ էր, և ես արդեն ասել եմ, որ նախագահ (Ջորջ) Բուշին այդ լիազորությունները պատվիրակելու համար տված իմ ձայնն իմ սխալն է եղել»,- ասել է Քլինթոնը՝ MSNBC հեռուստաալիքի եթերում պատասխանելով ԱՄՆ ԶՈւ վետերանների հարցերին:
Նա նաև կոչ է արել «սովորել սխալների վրա»: «Մենք պետք է հասկանանք, թե ինչն է բերել մեզ դրան, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա»,- նշել է նա:
ԱՄՆ նախագահի պաշտոնին ընտրվելու դեպքում Քլինթոնը մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Իրաք և Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար, սակայն ԱՄՆ-ն կշարունակի աջակցել իսլամիստների դեմ պայքարող տեղի ուժերին՝ այդ թվում՝ քրդերին և իրաքյան բանակին: