Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին պահանջել է Գլդանի №8-րդ բանտում ինքնասպանություն կատարած բանտարկյալ Նոդար Ակոպովի բանտախցի վիդեոտեսագրությունը:
Ակոպովը մեղադրվում էր Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Քաչոտյանների ընտանիքի 4 անդամին սպանելու մեջ, նա ինքնասպանություն է գործել օգոստոսի 27-ին: Ակոպովի մահվան փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115- րդ հոդվածի համաձայն` հասցնել ինքնասպանության:
«Ակոպովի կալանքի պայմանները նորմալ էին, բայց նա երկու անգամ փորձել է ինքնասպան լինել, որի պատճառով նրան տեղափոխել են մենախուց», - հայտնել է Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին՝ հավելելով, որ տղամարդուն մահացած են գտել խցի լոգարանում, Jnews.ge-ին հղումով գրում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ Ակոպովի խցիկում տեղադրված էր վիդեոհսկողություն: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ դեռ չկա որևէ ապացույց, որ, Ակոպովի հանդեպ բռնի գործողություններ են ձեռնարկվել այլ բանտարկյալների կամ պահակախմբի կողմից:
Հանրային պաշտպանի գրասենյակը հարցում է ուղարկել դատախազություն տրամադրելու բանտարկյալի տեսագրությունը, ով ենթադրաբար ինքնասպանություն է գործել:«Մենք նամակ ենք ուղարկել` պահանջելով տրամադրել այս դեպքի վերաբերյալ բոլոր տվյալները, որպեսզի համոզվենք այն բանում, որ Ակոպովի հանդեպ բռնություն չի կիրառվել», - հայտարարել է Նանուաշվիլին: