ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք է մատակարարում միայն պաշտպանողական նպատակներով և սահմանափակ քանակով: Այս մասին Интерфакс-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարելու և Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:
«Մենք սպառազինություն չենք մատակարարում կողմերից և ոչ մեկին: Մենք մատակարարում ենք միայն պաշտպանողական զենք՝ շատ սահմանափակ քանակով: Ադրբեջանի հետ կապված մեր կոնգրեսում հատուկ մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ մատակարարել զենք, որը կարող է օգտագործվել ԼՂ հակամարտությունում հարձակվողական գործողություններ իրականացնելու համար: Այսպիսով, մենք զենքի մատակարար չենք»,– ասել է Ուորլիքը: Միևնույն ժամանակ ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ իրենք հասկանում են, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս պարագայում տարբեր դիրքեր ունեն. «Ռուսաստանն ունի երկարատև կայուն հարաբերություններ երկու երկրների հետ և երկար ժամանակ է բարեկամական կապեր է պահում նրանց հետ»: