Ստրասբուրգում սեպտեմբերի 11-ին կայացել է ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների նոր կազմակերպության՝ AND-ի (Azerbaijan needs democracy) հիմնադիր նիստը, որին մասնակցել են քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ, նախկին պաշտոնյաներ ու իրավապաշտպաններ, որոնք տարբեր ժամանակներում իշխանական հալածանքների պատճառով հարկադրված են եղել լքել երկիրը, հայտնում է contact.az-ը:
Նիստին մասնակցել է նաև Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) ղեկավար Ջամիլ Հասանլին: Թեև AND-ի հիմնադիրները դեռ հայտարարություն չեն տարածել իրենց կազմակերպության կառուցվածքի, կազմի ու ծրագրի մասին՝ արդեն իսկ կարելի է համարել, որ դա թերևս ամենանշանակալից քայլն էր Ադրբեջանից դուրս պաշտոնական Բաքվի դեմ քաղաքական ընդդիմություն ձևավորելու ուղղությամբ:
Կազմակերպության գործողություններն էականորեն կազդեն Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին միջազգային կառույցներում (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, Եվրախորհրդարան և այլն) ձևավորվող կարծիքի վրա: AND-ը հաջող գործունեություն կազմակերպելու դեպքում լուրջ գլխացավանք կդառնա Բաքվի իշխանությունների համար: