Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը սեպտեմբերի 14-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ եկել է ժամանակը Եվրամիության անդամ երկրների պաշտպանական հնարավորությունների համատեղման համար:
«Լիսաբոնի պայմանագիրը Եվրամիության անդամ երկրներին թույլ է տալիս, եթե նրանք ցանկանում են, համատեղել իրենց պաշտպանական հնարավորությունները մշտական կառուցվածքային կերպով: Կարծում եմ, որ ժամանակն է օգտվելու այդ հնարավորությունից»,- ասել է նա:
Եվրամիությունն անցած տարի մասնակցել է ավելի քան 30 ռազմական գործողությունների և պետք է ստեղծի դրանց համար իր միասնական շտաբը։ ԵՄ-ն մինչև հոկտեմբերի վերջը իր արտաքին սահմաններին կտեղակայի 200 սահմանապահների և 50 մեքենա։ «Դա արվում է սահմանային և առափնյա պահպանության նոր եվրոպական գործակալության ստեղծման շրջանակում»,- ասել է Յունկերը՝ հավելելով, որ «Եվրոպան պետք է երաշխավորի իր սահմանների անվտանգությունը»։
Յունկերը նաև կոչ է արել մշակել եվրոպական ռազմավարություն Սիրիայի հարցով և հույս ունի, որ Սիրիայի ապագայի հարցով բանակցություններին կմասնակցի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մոգերինին՝ մեր բարձր ներկայացուցիչը, շատ կարևոր աշխատանք է կատարում: Նա պետք է դառնա եվրոպական արտաքին գործերի նախարար: Դա հնարավորություն կտա հավաքել մեր ազգային դիվանագիտության ուժերը՝ միջազգային բանակցություններում դեր ու նշանակություն ունենալու համար», - հայտնել է Յունկերը:
Եվրահանձնակատարը նաև անդրադարձել է Եվրամիության անդամ երկրներում երիտասարդների աղքատացման դժվարին խնդրին:
Եվրոպացի երիտասարդների շրջանում զբաղվածության խնդրի լուծման համար Յունկերն առաջարկել է ԵՄ մակարդակով ստեղծել նրանց օգնության հատուկ մարմին։
«Ես չեմ կարող թույլ տալ, որ ներկայիս երիտասարդները լինեն ավելի աղքատ, քան ժամանակին նրանց ծնողներն էին»,- հայտարարել է Յունկերը: