Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ հայտարարությամբ են հանդես եկել հայ ավանդական երեք կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ազգային երեք կուսակցությունների՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի ղեկավար մարմիններս, հանուն մեր շարքերի և համակիր շրջանակների ողջունում է Հայաստանի անկախ հանրապետության 25-րդ տարեդարձը և այս առթիվ հայտարարում.
ա. Մեր աներեր նվիրումը՝ Հայաստանի անկախ պետականության հզորացման գործին։
բ. Մեր մտահոգությունը, թե Հայաստանի 25-ամյա երիտասարդ հանրապետությունը տակավին դիմագրավում է արտագաղթի հարցը: Մեր խորին համոզումն է, որ արտագաղթի կասեցման նպատակով պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն երկրի սոցիալական և տնտեսական իրավիճակի, դատաիրավական համակարգի հիմնովին փոփոխությունների և բարեկարգելու ուղղությամբ։
գ. Մեր համոզումը, որ՝ արցախյան հարցի լուծումը հնարավոր է միայն բանակցային խաղաղ գործընթացներով. դեմ ենք սակայն՝ հող խաղաղության համար հնչեցվող փոխզիջման տարբերակին, և հաստատում ենք, որ Արցախի ազատագրված ոչ մի տարածք չի կարող զիջման առարկա լինել:
դ. Մեր վճռականությունը՝ հայրենի ժողովրդին թև ու թիկունք կանգնելու և իրենց արդար ու բարգավաճ երկիր կառուցելու ձգտումներին սատարելու։
ե. Գործակցությունը՝ որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը և մարդու իրավունքները կիրարկվեն ամենալայն չափերով։
զ. Վերջապես, ԱՄՆ հայ համայնքի կարողականության առավելագույն կազմակերպումով ու համագործակցության մթնոլորտի ամրապնդման ճամփով՝ նոր որակով Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման ի նպաստ աշխատանքներն առաջ տանելու հանձնառությունը։
Կեցցե Հայաստանի Անկախ Պետականությունը,
Կեցցե Հայաստանն ու Արցախը,
Կեցցե հայ ժողովուրդը»։