Գանձասարի վանական համալիրի հարևանությամբ գտնվող Արցախի «Գանձասար» գիտամշակութային Մատենադարանի մասնաճյուղում ամռանը հաճախումների ակտիվություն է նկատվել, այս մասին Artsakhpress-ին հայտնել է Մատենադարանի ցուցասրահի պատասխանատու Ֆլորա Ահարոնյան:
«Մատենադարան տանող ճանապարհը բանուկ է. ամռանն օրական այցելում է մոտ 80-300 հոգի: Հունիսին շաբաթական 462 հաճախորդ ենք ունեցել, հուլիս ամսին` 4800, իսկ օգոստոսին` 3100, որից 1464-ը` զինվոր: Սեպտեմբերին` այս պահի դրությամբ, արդեն 1000 այցելու է գրանցվել:
Արցախի Մատենադարանի «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի մասնաճյուղում Արցախի մասին պատմվող ձեռագրեր շատ կան, որտեղ Արցախը ներկայացվում է պատմական փաստերով ու վավերագրերով. դրանցից շատերը չկան Երևանի Մատենադարանում: Ըստ իս, դրանով են պայմանավորված այստեղ այսքան շատ այցելուներ ունենալու փաստը»,- ասել է Ֆ. Ահարոնյանը:
«Մատենադարանն ունի նաև Արցախին նվիրված արխիվային փաստաթղթերի բաժին, որտեղ պահվում են Գանձասարի թեմի առաջնորդների նամակներ, Շուշիում տպագրված գրքերի նմուշներ:-ասել է Ֆ. Ահարոնյանը և պարզաբանել,-Ցուցանմուշների ստեղծման աշխատանքները մեկնարկել են յոթ տարի առաջ և, պատասխանատուների հավաստմամբ, այն կրելու է շարունակական բնույթ: Պահոցի ձեռագրերի մի մասը գրվել է Արցախում»:
Երևանի Աատենադարանի մասնաճյուղն Արցախում բացվել է 2015 թվականի նյեմբերի 21-ին: