«Կոռուպցիան, սահմանադրական բարեփոխումներն ու անհանգիստ աշխարհաքաղաքական միջավայրը 2015 թ.-ին շարունակել են մարտահրավերներ նետել Հայաստանին»,- նշվում է Freedom House –ի ամենամյա զեկույցում, - «Նախագահ Սարգսյանը պաշտոնապես ներկայացրել է բարեփոխումների առաջարկը՝ Հայաստանի կիսանախագահական կառավարությունը խորհրդարանական համակարգով փոխակերպելու վերաբերյալ»:
Freedom House-ի «Աշխարհում ազատություն մասին-2016» զեկույցի համաձայն Հայաստանը «մասնակի ազատ» երկիր է: Այն 46 միավոր է հավաքել (ամենավատ ցուցանիշը 0-ն է, լավագույնը` 100-ը):
Քաղաքական և քաղաքացիական իրավունքները գնահատվում են 1-7 միավորի սանդղակով, որտեղ 1-ը առավելագույն ազատության ցուցիչն է, իսկ 7-ը` նվազագույն: Հայաստանը համապատասխանաբար ստացել է 4 և 5 միավոր:
Freedom House-ը 2015-ի ավարտին բնութագրել է Հայաստանը որպես համացանցում ազատ երկիր` 28 միավորով: Ավելի ուշ, 2016-ի ապրիլին, կազմակերպությունը ՀՀ-ն համարել է «անազատ» ԶԼՄ-ների իրավունքների տեսակետից:
«Աշխարհում ազատության մասին-2016» զեկույցը գնահատում է 2015թ. ազատության վիճակը 195 երկրում և 15 տարածքում, որոնք չունեն պետականություն:
Հարևան երկրներից Իրանը դասվել է անազատ երկրների թվին: Իսկ Վրաստանն ու Թուրքիան 64 և 53 ցուցանիշներով նույնպես կազմակերպության կողմից դասվել են «մասնակի ազատ» պետությունների շարքին:
Արևելյան գործընկերության մյուս երկրները՝ Ուկրաինան և Մոլդովան, իրենց 61 և 60 միավորներով, ևս դասվել են «մասնակի ազատ» պետությունների շարքին: Ռուսաստանն ու Բելառուսը դասվել են անազատ երկրների թվին:
Մեր հարևան Ադրբեջանը, ըստ «World 2016» զեկույցի, դասվել է ոչ ազատ երկրների շարքը, մամուլի ազատության 2016թ-ի ինդեքսով ևս Ադրբեջանը ճանաչվել է անազատ երկիր, մասամբ ազատ է ճանաչվել «Net 2016» զեկույցի շրջանակներում և ժողովրդավարության ցուցանիշի համար ստացել է 6,86 միավոր 1-7 բալանոց գնահատման համակարգում, որտեղ 7 միավորը հնարավոր ամենավատ գնահատականն է ժողովրդավարության ասպարեզում ունեցած առաջընթացի համար:
Ադրբեջանում մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը նախատեսվող բողոքի հանրահավաքից առաջ 40 ակտիվիստների, բլոգերների ու ընդդիմադիր կուսակցականների ձերբակալության առթիվ կազմակերպությունը հանդես է եկել հետևյալ դատապարտող հայտարարությամբ.
«Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի ու դադարեցնի ահաբեկել այդ մարդկանց, ովքեր ձգտում են իրացնել իրենց սահմանադրական իրավունքները»: